Նորություններ

Շատ տխուր թվեր

25-05-2007

su-election

2008 թվականի ընտրությունների համար ավանդական «նախագահացուների» (Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ՝ «ինքնասիրահարված սիրամարգերի») ինքնառաջադրումն արդեն սկսվել է: Կանխատեսելի է, որ Վազգեն Մանուկյանին, Պարույր Հայրիկյանին, Արշակ Սադոյանին, Արամ Կարապետյանին շուտով կմիանան Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը, ինչու չէ՝ նաեւ մարքսիստը եւ Գրիշա Վիրաբյանը: Երբ այդ հարգարժան գործիչներին ակնարկում ես, որ նրանք ադեկվատ չեն գնահատում իրականությունը, նրանք բարկանում են եւ իսկույն սկսում են մեղադրել քեզ «իշխանության պատվերը կատարելու» մեջ:

Ճիշտ այնպես, ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ ես ասում էի որոշ քաղաքական գործիչների, որ նրանք 5 տոկոսանոց վարկանիշ չունեն, նրանք գրեթե ծիծաղում էին. «Ի՞նչ ես խոսում, մենք հարյուր տոկոսով անցած ենք»: Բայց մեր կանխատեսումները վերցրած էին ոչ թե օդից, այլ «Առավոտի» հետ համագործակցող APR group-ի հետազոտություններից: Դրանք, իհարկե, չեն կարող հավակնել բարձր ճշգրտության (հարցումները հեռախոսային են եւ անց են կացվում համեմատաբար փոքրաթիվ քաղաքացիների մեջ), բայց մեր հրապարակումներին հետեւողները, կարծում եմ, նկատել են, որ այդ ուսումնասիրությունները ճիշտ են ցույց տալիս հասարակական կարծիքի ընդհանուր միտումները, դինամիկան: Օրինակ, մի քանի ամիս առաջ ԲՀԿ-ն ավելի բարձր վարկանիշ ուներ, քան Հանրապետականը, բայց ապրիլին եւ, մանավանդ, մայիսի սկզբին ՀՀԿ-ն վստահորեն գրավեց առաջին տեղը՝ անկախ նրանից, դա մեզ դուր է գալիս, թե ոչ:

Եվ այսպես, ապրիլի 28-ից մայիսի 2-ը APR group-ը հեռախոսային հարցում է անցկացրել 663 երեւանցիների մեջ: Հիմնական նպատակը, ինչպես հիշում եք, կուսակցությունների նախընտրական վարկանիշը ճշտելն էր, որին մենք ժամանակին անդրադարձել ենք: Բայց զուգահեռաբար սոցիոլոգները քաղաքացիներին տվել են հետեւյալ հարցը (որի պատասխանը մենք չէինք հրապարակել՝ շահարկումներից խուսափելու համար). եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այս կիրակի օրը (այսինքն՝ մայիսի 6-ին), ո՞ւմ օգտին կքվեարկեիք: Արդյունքները հետեւյալն էին. Ռոբերտ Քոչարյան՝ 16,29%, Սերժ Սարգսյան՝ 3,92%, Գագիկ Ծառուկյան՝ 3,92%, Արտաշես Գեղամյան՝ 1,96%, Ստեփան Դեմիրճյան՝ 1,66%, Արթուր Բաղդասարյան՝ 1,66%, Վազգեն Մանուկյան՝ 1,06%, Վարդան Օսկանյան՝ 1,06%: Մնացածը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Տիգրան Կարապետյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արամ Կարապետյանը, Վահան Հովհաննիսյանը, Տիգրան Թորոսյանը, Մանուկ Գասպարյանը, Արշակ Սադոյանը հավաքել են 1%-ից պակաս: 663 քաղաքացիներից ոչ մեկը չի տվել Պարույր Հայրիկյանի անունը: Մնացած պատասխաններն են. «լիդեր չկա»՝ 7,69%, «բոլորին դեմ»՝ 1,36%, «դժվարանում եմ պատասխանել»` 43,59%, «գաղտնիք է»՝ 11,92%:

Անձամբ ինձ այս թվերը եւ, մասնավորապես, Ռ. Քոչարյանի` համեմատաբար բարձր վարկանիշը, մեղմ ասած, չեն ոգեւորում: Բայց այդպիսիք են հարցման արդյունքները: Ինչպես ասում են, արեք դրանց հետ՝ ինչ ուզում եք:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Թերթ`«Առավոտ»