Նորություններ

Վաղարշապատի ընտրությունները կլինեն արդար

14-11-2025

 

LGE poll

2025 թ. նոյեմբերի 5-8-ը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի կողմից իրականացվել է սոցիոլոգիական ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել Վաղարշապատ համայնքի բնակչության քաղաքական դիրքորոշումները՝ ավագանու ընտրություններին ընդառաջ։

Ուսումնասիրության համաձայն՝ այն հարցին, թե ում կցանկանային տեսնել Վաղարշապատի համայնքապետի պաշտոնում, հարցվածների 56,8%-ը պատասխանել է Արգիշտի Մեխակյանին, 11,2%-ը՝ Սևակ Խաչատրյանին, 3,1%-ը՝ Խաչիկ Մանուկյանին, 2,7%-ը՝ Գրիշա Հարությունյանին։

Պարզվել է, որ Վաղարշապատ համայնքի բնակչության մեծ մասը բավարարված է ներկայիս համայնքապետի աշխատանքով։ «Որքանո՞վ եք բավարարված Համայնքապետի աշխատանքով» հարցին 35.1%-ը տվել է «շատ բավարարված եմ», 46.3%-ը՝ «որոշ չափով բավարարված եմ», 8.1% «այդքան էլ բավարարված չեմ» և 5% «բոլորովին բավարարված չեմ» պատասխանները։

Հարցվողների 87,6%-ը նշել է, որ եթե այս կիրակի օրը տեղի ունենան Վաղարշապատի ավագանու ընտրությունները, ապա իրենք կմասնակցեն ընտրության։ Այն հարցվողները, որոնք նշել են, որ կմասնակցեն ընտրության, պատասխանել են, թե որ քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեն։ Այսպես՝ 51,4% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 12,7% «Հաղթանակ» կուսակցություն, 4.6% «Մայր Հայաստան» կուսակցություն, 2,3% «Հայրենիք» կուսակցություն։
«Ըստ Ձեզ, որ կուսակցությունները կհաղթեն Վաղարշապատի առաջիկա ընտրություններում» հարցին հարցվողների 47,7%-ը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 18,6%-ը՝ «Հաղթանակ» կուսակցություն, 4,3%-ը՝ «Մայր Հայաստան» կուսակցություն, 4,3%-ը՝ «Հանրապետություն» կուսակցություն և 4,3%-ը՝ «Հայրենիք» կուսակցություն։
Հարցվողների 40,2%-ը լիովին և 29,7%-ը որոշ չափով վստահ են, որ Վաղարշապատի ընտրությունները կլինեն արդար։

Հարցազրույցներն անցկացվել են տնայցերի միջոցով, դեմ առ դեմ տարբերակով՝ համակարգչային CAPI տեխնոլոգիայի կիրառությամբ։ Հարցումներում ընդգրկվել է Վաղարշապատ համայնքի (ք․ Վաղարշապատ և 18 գյուղեր) 18 տարեկանից բարձր բնակչությունը:
Ընդհանուր հարցվողների թիվը՝ 511 հոգի, վստահության միջակայք՝ 95%, թույլատրելի սխալի մեծություն ±4.3%, ընտրանքի տեսակ՝ քվոտային: Պատվիրատու՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն:

 Հետազոտության արդյունքներն ամփոփող տեսասահիկը կարելի է տեսնել ԱՅՍՏԵՂ։