Նորություններ

Ինչպիսի՞նն են ակնկալիքները սահմանադրական բարեփոխումներից

30/10/2014

APR Group PHL 0032

2014 թ սեպտեմբերի 29-ին. «Հայաստանի քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերակատարության բարձրացում» ծրագրի շրջանակներում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպությունը կազմակերպել է ծրագրի ընթացքում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքների ներկայացում:

Իրականացված քանակական և որակական հետազոտությունների հիմնական նպատակն էր վերհանել ՀՀ Սահմանադրության մեջ առկա խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաև բնակչության ակնկալիքները նոր Սահմանադրությունից: Հետազոտության ընթացքում իրականացվել են 36 խորին հարցազրույցներ` ընդգրկելով սահմանադրական փոփոխությունների գործընթացի բոլոր դերակատարներին և կողմերին՝ պաշտոնական, ակադեմիական և հանրային: Քանակական հետազոտության մասով իրականացվել է հարցում ամբողջ Հայստանի տարածքով 1300 բնակիչների շրջանակում, որով հնարավոր դարձավ պարզել ՀՀ բնակչության սպասելիքները գալիք փոփոխություններից և Սահմանադրության դերակատարությունը ամենօրյա կյանքում:

Ինչպես վկայում են հետազոտության արդյունքները, հասարակության 60.1 % կարծում է, որ Սահմանադրության փոփոխության անհրաժշտություն այսօր չկա, իսկ 81.5 % ընդհանրապես չեն վստահում սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

Հետազոտության արդյունքներն ու առկա իրավիճակը Հայաստանում վերլուծության է ենթարկվել նաև ծրագրի փորձագետների կողմից, որոնց մի մասը արդյունքում հանգել են այն կարծիքի, որ բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց վերապահումով: Ընդգծելով նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգին անցնելու նպատակահարմարությունը` միևնույն ժամանակ փորձագետներն շեշտադրում են, որ անկախ այն հանգամանքից, որ խորհրդարանական կառավառարման համակարգը հանդիսանում է ժողովրդավարության շարժիչ ուժը` միևնույն է, քանի դեռ երկրում բացակայում են քաղաքական մշակույթն ու լեգիտիմ ընտրական գործընթացները, արդյունքում կառավարման համակարգի փոփոխությունը որևէ կերպ չի կարող կանխել քաղաքական մենիշխանությունը և պարզապես իշխանության կենտրոնը նախագահական ինստիտուտից կտեղափոխվի խորհրդարան: