11-12-2007

Հավատալ, թե չհավատալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներին: Քաղաքական շրջանակներում այդ հարցի պատասխանը միանշանակ է. եթե այդ արդյունքները բավարարում են տվյալ քաղաքական ուժին, ապա դրանք ճշգրիտ են եւ օբյեկտիվ, եթե հարցման թվերը տվյալ կուսակցությանը ձեռնտու չեն ուրեմն դրանք սուտ են, «դզած-փչած» են հակառակորդների կողմից: Կամ սոցիոլոգներն են անգրագետ: Կամ քաղաքացիները վախեցած են եւ հարցման ժամանակ իրենց իսկական դիրքորոշումը չեն արտահայտում:
Մի փոքր կանգ առնենք այդ վերջին փաստարկի վրա, որը բերում է, բնականաբար, ընդդիմությունը: Իհարկե, ամբողջությամբ բացառել դրա իրավացիությունը հնարավոր չէ հաշվի առնելով, որ մեր այսօրվա իշխանավորները, մեղմ ասած, չափազանց հեռու են ժողովրդավար եւ լայնախոհ լինելուց: Բայց եթե հարցումներն անցկացնելն անիմաստ է, եթե քաղաքացիները վախենում են իրենց կամքն արտահայտել, ապա նույնքան անիմաստ է ընտրություններ անցկացնելը, որովհետեւ նույն մարդիկ առաջնորդվելու են նույն վախերով: Մասնավորապես, այն կասկածները, որոնք կան հարցումների անանուն լինելու մեջ, ուժի մեջ են մնում ընտրությունների փակ-գաղտնի լինելու վերաբերյալ: Վերապահում անելով, որ հարցման պատկերը մասամբ աղավաղված է վախով, պետք է նաեւ ընդունել, որ այդ պատկերն ընդհանուր առմամբ արտացոլում է ընտրողների տրամադրությունը:
«Առավոտի» հետ համագործակցող APR Group-ը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը անց է կացրել իր հերթական հեռախոսային հարցումը 663 երեւանցիների մեջ: Նախքան քաղաքական գործիչների վարկանիշը չափելը սոցիոլոգները հետաքրքրվել են, թե ինչպիսի լուծում կարող է ունենալ Ղարաբաղի հարցը: Ամենատարածված պատասխաններն են Ղարաբաղը կճանաչվի անկախ պետություն 34,1%, երբեք չի լուծվի 18,6%, Ղարաբաղը կմիանա Հայաստանին 17,8%, Ղարաբաղի որոշ տարածքներ կհանձնվեն Ադրբեջանին 13,9%: Կան նաեւ չափազանց հոռետեսներ (2,1%), որոնք կարծում են, որ Ղարաբաղն ամբողջությամբ կհանձնվի Ադրբեջանին: Մեր գործիչներից այդ խնդիրը, ըստ հարցվողների, կարող են լուծել Սերժ Սարգսյանը 7,5%, Վազգեն Մանուկյանը 4,5%, Լեւոն Տեր-Պետրոսյանը 3,5%, ներկա պահին ոչ մեկը 31,5%, արտաքին ուժերը 3,3%, դժվարացավ պատասխանել 45,9%-ը:
Երեւանցիների նախասիրությունները, ըստ այդ հարցման, հստակեցվել են: Եթե ընտրությունները անցկացվեին «առաջիկա կիրակի օրըե (խոսքը դեկտեմբերի 2-ի մասին է), ապա Սերժ Սարգսյանին ձայն կտար 19,2%-ը (նախորդ` հոկտեմբերյան հարցման հետ համեմատած + 1,9%), իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին 9,2% (+2,1%): Այնուհետեւ գալիս են Վազգեն Մանուկյանը 4,4% (+2,9%), Արթուր Բաղդասարյանը2,1% (- 0,5%), Վահան Հովհաննիսյանը 2% (+1,2%), Արտաշես Գեղամյանը 1,4% (+ 0,5%): Դեռեւս շատ են չկողմնորոշվածները 31,5% եւ «բոլորին դեմերը» 18,7%:
Ի դեպ, ես ընդդիմության տեղը լինեի, վախի հարցն այդքան շեշտադրված չէի բարձրացնի: Պարզ հոգեբանական մեխանիզմով, ինչքան շատ ես խոսում վախի մասին, այդ մարդիկ շատ են վախենում: Մտածում են ուրեմն վախենալու բան կա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Թերթ`«Առավոտ»