Նորություններ

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում արհմիությունները բարեփոխման կարիք ունեն

01-03-2019

Artboard-APR-Group

2019 թ.-ի փետրվարի 26-ին տեղի ունեցավ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպության իրականացրած աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ զեկույցի ներկայացումը և հանրային քննարկում արհմիությունների ոլորտի հետագա բարեփոխումների և արհմիությունների գործունեության արդյունավետության բարձրացման մասին։

Իր ողջույնի խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսիր Բրայերսը, կարևորելով աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրն, նշեց, որ ուժեղ արհմիությունները այդ իրավունքների պաշտպանության գրավականն են, և հնչեցրեց դեսպանատան պատրաստակամությունը՝ աջակցելու աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին։
Այնուհետև, APR Group-ի ծրագրային թիմը ներկայացրեց հետազոտության հիմնական բացահայտումներն ու առաջարկությունները, որոնք ուղղված էին արհմիությունների ոլորտում օրենսդրական և գործառնական խնդիրները բացահայտելուն և արդյունավետ լուծումներ առաջարկելուն։ Մասնավորապես, կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանը արհմիությունների հետագա բարեփոխումների և արդյունավետության բարելավման վերաբերյալ խոսելիս առանձնացրեց օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ընդլայնելու արհմիությունների իրավունքներն ու գործիքակազմը աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության նպատակով։ Այս մասով APR Group-ը կարևորեց, որ արհմիություններին անհրաժեշտ է տալ իրավական հնարավորություններ աշխատողների իրավունքները դատարաններում ներկայացնելու համար, ինչպես նաև սահմանել երաշխիքներ, որոնց շնորհիվ արհմիությունները կունենան ավելի բարձր դերակատարություն աշխատանքային վեճերի կարգավորման հարցում, ինչպիսիք են, օրինակ, արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելիս, կարգապահական տույժի ենթարկելիս կամ այլ խնդիրների դեպքում արհմիության կարծիքի կամ համաձայնության առկայությունը։
Բարձրաձայնված մեկ այլ կարևոր խնդիր էր արհմիությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բացակայությունը։ Վերջին տարիներին արհմիությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվության, հաշվետվությունների և այլ հրապարակումների բացակայության կամ սղության պատճառով հնարավոր չի եղել համապարփակ պատկեր ձևավորելու արհմիությունների գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Նույն խնդիրը առկա է նաև արհմիությունների ֆինանսական և այլ ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցում, քանի որ չկա տեղեկատվություն աշխատանքային իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ դատական, գործադուլների և այլ գործողությունների վերաբերյալ։ Ըստ բաց տվյալների, արհմիություններն ունեն մոտ 191,000 անդամ, ուստի հիպոթետիկ հաշվարկով, նվազագույն ազշխատավարձ՝ 55,000 դրամ ստանալու և 1% անդամավճար վճարելու դեպքում արհմիություններում տարեկան կտրվածքով գոյանում է շուրջ 2,5 միլիարդ դրամ։ Չնայած հաշվարկները ստույգ չեն, այնուամենայնիվ, դրանք վկայում են արհմիություններում առկա զգալի ֆինանսական ռեսուրսների մասին, որոնց օգտագործման արդյունավետության վերաբերյալ որևէ գնահատական կամ բաց տեղեկություն առկա չէ։
Խնդիրներից և կարևոր առաջարկություններից առանձնացվեց կոլեկտիվ պայմանագրերի, սոցիալական գործընկերության հարցը, որ ևս ուշադրության և բարելավման կարիք ունի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Ժոռա Սարգսյանը, խոսելով եռակողմ գործընկերության մասին, նշեց, որ դրանց հաճախականությունը հստակ է և պահպանված: Այդ համատեքստում կազմակերպության առաջարկությունները նիստի նախագահման, քարտուղարության և նիստերի բովանդակության վերաբերյալ ընդունելի և ողջունելի են: Նախարարության ներկայացուցիչը նաև կոչ արեց ներկայացնել ամբողջական և ամբողջ համակարգի բարեփոխմանն ուղղված առաջարկություններ, այլ ոչ թե ընդգծել օրենքներում առանձին հոդվածների փոփոխությունները։ Այս մասով հարկ է առանձնացնել, որ ոլորտի համակարգումն ու ոլորտի քաղաքակության իրականացումը հենց նախարարության պարտականությունն է, ու հետազոտությունում ներկայացված առաջարկները միտված են բարեփոխելու նաև կառավարության մոտեցումները։
Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի տնօրենի տեղակալ Բորիս Խառատյանն իր համաձայնությունը հայտնեց հետազոտությամբ բարձրաձայնված առաջարկների մեծ մասի առնչությամբ, նշելով, որ արհմիություններն, այնուամենայնիվ, հաշվետու են միայն իրենց անդամներին և պարտավոր չեն որևէ հաշվետվություն ներկայացնել հանրությանը:
Արհմիությունների թափանցիկության մասին Լրագրողների անկախ արհմիության նախագահ Լևոն Սարդարյանն ընդգծեց, որ արհմիությունները հանրային կառույցներ են ու հաշվետու են բոլորին։ Դրան համաձայնեց նաև մասնակիցների մեծամասնությունը՝ նշելով, որ ներկայացված թվերի և հաշվետվությունների հիման վրա կմեծանա արհմիություններին անդակագրվել ցանկացողների քանակը։
ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց գործադուլների անցկացման կարգի վերաբերյալ իր տեսլականը, որով հիմնավորեց խնդրի վերաբերյալ կազմակերպության առաջարկությունները:
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը արհմիություններին կոչ արեց ակտիվացնելու աշխատանքը: Համաձայնելով մի շարք առաջարկությունների հետ՝ Մակարյանը կոշտ արտահայտվեց, որ արհմիությունը պետք է անդամների հետ աշխատի, այլ ոչ թե եկամուտ ստանա այլ աղբյուրներից, օրինակ, տարածքի վարձակալությունից: 

Ամփոփելով՝ հարկ է առանձնացնել, որ չհաշված օրենսդրական սահմանափակումները՝ արհմիությունները չեն դրսևորում պրոակտիվ և աշխատանքային իրավունքների պաշտպանության գաղափարախոսությանն ուղղված գործունեություն, որն էլ, իր հերթին, նվազեցնում է արհմիությունների դերակատարությունը, աշխատողների խոցելիությունը և հանրային վստահությունը։ Միայն վերջին տարիներին գործատուների, արհմիությունների և աշխատողների միջև կոլեկտիվ պայմանագրերի քանակը նվազել է՝ հասնելով 520-ի, այն դեպքում, երբ դրանց թիվը 2010 թ.-ին կազմել է 857՝ համաձայն արհմիությունների կողմից հրապարակված տեղեկատվության։
Հաշվի առնելով հետազոտության վերհանած խնդիրներն ու առաջարկությունները՝ APR Group-ը շարունակելու է հանրային ջատագովության և շահերի պաշտապանության քարոզարշավը, այդ թվում նաև՝ շահագրգիռ գործընկերների հետ բաց քննարկումները, աշխատանքը օրենսդիր մարմնի հետ օրենսդրական միջավայրը բարելավելու նպատակով, ինչպես նաև ուղղակի արհմիությունների կարողությունների զարգացմանը, վերջիններիս թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը։
Սույն հետազոտությունն իրականացվել է «Աջակցություն աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմներին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից և իրականացվում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ կողմից։

Ուսումնասիրության արդյունքները կարող եք բեռնել այս տեղից: