24/10/2014

Հայաստանի ինտեգրացիոն հեռանկարները մշտապես գտնվում են հանրային ուշադրության կենտրոնում և դրան բազմիցս անրադարձել են և՛ ԶԼՄ-ները, և՛ քաղաքական ուժերը, և՛ պետական մարմինները, և՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Եղել են տարբեր գրառումներ, տարբեր կարծիքներ, սակայն ի՞նչ կարծիքի է հասարակությունն ընդհանուր առմամբ (Հայաստանի ամբողջ բնակչությունը):
Այդ հարցի պատասխանը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպությունը փորձեց պարզել հասարակական կարծիքի ուսումնասիրության միջոցով, որի ընթացքում հարցվեցին Հայաստանի 1300 բնակիչներ (Երևանում և մարզերում, 2014 թ. օգոստոս ամսվա ընթացքում):
Եվ այսպես այն հարցին, թե՝ «Ի՞նչ եք կարծում, Հայաստանը պե՞տք է անդամակցի», հարցվողները պատասխանել են հետևյալ կերպ՝ 38.4% Մաքսային միությանը[1], 24.8%՝Եվրամիությանըն, 11.8%՝երկուսին էլ, 10.1%՝ոչ մեկին, ոչ էլ մյուսին, իսկ 15% դժվարացելեն պատասխանել (Գծապատկեր 1): Հարցվողներին նաև տրվել է հետևյալ հարցը՝ «Ըստ Ձեզ, Մաքսային միությանը միանալու հարցը պետք է որոշվեր նախագահի, կառավարության, Ազգային Ժողովի կողմից, թե՞հանրաքվեի միջոցով»: Այս հարցի պատասխանները հետևյալն էին՝ 54.9%՝ «Հանրաքվեի միջոցով», 18.9%՝ «Նախագահը», 11.5%՝ «Ազգային Ժողովը», 8.5%՝ «Կառավորությունը», իսկ 5.9% դժավարացել են պատասխանել (Գծապատկեր 2):
Նշված հարցի պատասխանի տրամաբանությունն են արտացոլում հետևյալ հարցի պատասխանները. «Դուք կցանկանայի՞ք, որպեսզի ազգի համար բախտորոշ հարցերը (օրինակ` Մաքսային միությանը կամ Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության միանալը) որոշվեին հանրաքվեի միջոցով, երկրի նախագահի կողմից, Խորհրդարանի կողմից, Կառավարության կողմից…»: Հարցվողների 56.2% պատասխանել են «Հանրաքվեի միջոցով», 21.2%՝ «Երկրի նախագահի կողմից», 9.1%՝ «Խորհրդարանի կողմից», 7.5%՝ «Կառավարության կողմից», 3.4%՝ դժվարացել են պատասխանել (Գծապատկեր 3):

Իրականացված ուսումնասիրությունը հնարավորություն է տվել հասկանալ այս կամ այն կառույցներին անդամակցելու կողմնակիցների «կերպարը»: Մաքսային միությանը անդամակցելու նախապատվություն տվողները հիմնականում գյուղական համայնքների բնակիչներն են (Գծապատկեր 4): Սեռային կտրվածքով ՄՄ-ին նախապատվությունը հիմնականում տալիս են արական սեռի ներկայացուցիչները (Գծապատկեր 5): ՄՄ-ին՝ որպես ցանկալի միջազգային կառույց՝ անդամակցությանը կողմնակից անձանց մեծամասնության կրթությունը տարրական է (Գծապատկեր 6): Հետաքրքրական է նաև դիտարկել, թե ովքեր են Եվրամիությանն անդամակցությանը նախապատվություն տվողները. հիմնականում Երևանի բնակչությունը, նրանց մեծամասնությունն ունեն բարձրագույն կրթություն (ներառյալ մագիստրոսի կոչում) կամ հետբուհական կրթություն: Ըստ սեռա-տարիքային բաշխման՝ մեծամասամբ 18-25 տարեկան, գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները:
Ըստ բնակչության շրջանում իրականացված հարցումների՝ ՄՄ-ին, թե ԵՄ-ին անդամակցության հարցը պետք է/էր որոշվի/եր հանրաքվեի միջոցով: Հավելենք նաև հետևյալը, որ միջազգային կառույցին անդամակցության հարցում այլ երկրների կողմից ճնշում գործադրելու հավանականությունը նվազեցվում է այն դեպքում, երբ որոշում կայացնողը հանդիսանում է ոչ թե մեկ անհատ (օրինակ՝ երկրի նախագահը), այլ հանրությունը, որն իր ձայն արտահայտել է հանրաքվեի միջոցով:



[1] Հարցման անցկացման ընթացքում ակտուալ էր Մաքսային միությանն անդամակցությունը, սակայն արդյունքները լիովին հնարավոր է պրոյեկտել նաև Եվրասիական տնտեսական միությանն ՀՀ անդամակցության վրա:
APR Group