29-11-2006

«Առավոտի» մշտական գործընկեր «APR group» սոցիոլոգիական խումբը մեր թերթի պատվերով անց է կացրել իր հերթական հետազոտությունը՝ «Քաղաքական կուսակցություններ եւ հասարակություն» պայմանական անվանմամբ: Նոյեմբերի 21-26-ը հեռախոսային հարցումն անց է կացվել 663 երեւանցիների շրջանում: Առաջին հարցը, որը սոցիոլոգները տվել են Երեւանի բնակիչներին, հետեւյալն է. «Ձեր կարծիքով, ի՞նչ դեր են կատարում կուսակցությունները»: Մեր համաքաղաքացիների պատկերացումներն այդ դերի մասին խիստ հատկանշական են:
Մեծամասնությունը (39,7%) համոզված է, որ դրանք ոչ մի դեր չեն խաղում: Նրանց գումարվել են այն քաղաքացիները, որոնք կարծում են, որ կուսակցությունները պառակտում են հասարակությունը (9,7%), պայքարում են իշխանության եւ պաշտոնների համար (9%), կուսակցություններն ընդհանրապես պետք չեն (4,7%): Երեւանցիների 5,1%-ը վստահ է, որ կուսակցությունները զբաղվում են բարեգործությամբ:
«APR group»-ը, բնականաբար, անց է կացրել նաեւ հարցում կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ՝ «եթե ԱԺ ընտրությունները անցկացվեն այս կիրակի օրը, կուսակցություններից որի՞ օգտին կքվեարկեիք» ձեւակերպմամբ: Ճիշտն ասած, ես տատանվում էի՝ հրապարակե՞լ այդ թվերը, թե՞ ոչ: Որովհետեւ այն կուսակցությունները, որոնք դժգոհ կմնան իրենց տոկոսներից, անպայման կպնդեն, որ այս հարցումը «պատվիրված է», «կաշառված է», «դզած-փչած է» եւ այլն: Բոլոր՝ նման ձեւով մտածողներին խորհուրդ եմ տալիս դիմել «APR group»-ի ղեկավար Ռուբեն Սարգսյանին՝ 091-627289 հեռախոսահամարով, եւ ստանալ, այսպես կոչված, «բազային տվյալներ»՝ ում, երբ եւ ինչպես են զանգել հարցումը պատրաստողները:
Եվ այսպես, ըստ այդ հարցման, այսօր երեւանցիների շրջանում զգալի առավելություն ունի «Բարգավաճ Հայաստանը» (22%): ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական կուսակցությունը» լավ շանսեր ունեն ընդգրկվելու խորհրդարանում (համապատասխանաբար՝ 5%, 5%, 4,4%, 4,1%): Հարցման արդյունքներով, առայժմ բարվոք չէ ընդդիմադիր երեք կուսակցությունների՝ ՀԺԿ-ի, ԱՄ-ի եւ «Հանրապետության» վիճակը (համապատասխանաբար՝ 3,8%, 2%, 1,2%): Որ մինչեւ մայիս շատ բան կարող է փոխվել, վկայում են հետեւյալ թվերը՝ 23,2%-ն այսօր ոչ մեկին չի պատրաստվում քվեարկել, 13,1%-ը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին, 8,1%-ն առայժմ չի կողմնորոշվել:
Անձամբ ինձ այս թվերը խիստ տխրեցնում են: Դրանք, իմ կարծիքով, վկայում են, որ մեր քաղաքացիները անտարբեր են գաղափարների եւ ծրագրերի նկատմամբ եւ արժեւորում են կարտոֆիլն ու տուկի թելը: Իսկ առավել պրոֆեսիոնալ մեկնաբանություն կտա ինքը՝ «APR group»-ը «Առավոտի» շաբաթ օրվա համարում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Թերթ`«Առավոտ»