Նորություններ

Ներկայացվեցին վերարտադրողական համակարգի քաղցկեղին առնչվող ուսումնասիրության արդյունքները

08-11- 2012

Study-result-presentation

Նոյեմբերի 7-ին, ԱՄՆ ՄԶԳ HS-STAR ծրագրի գրասենյակում ներկայացվեցին Վերարտադրողական համակարգի քաղցկեղի սքրինինգի/վաղ հայտնաբերման կատարողականին առնչվող հետազոտության նախնական արդյունքները։

Հետազոտական աշխատանքներն իրականացվել են 2012թ.-ին APR group-ի («Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական ՀԿ) կողմից՝ Ուռուցքաբանության հանրապետական կենտրոնի բժիշկ փորձագետների մասնագիտական աջակցությամբ և HS-STAR ծրագրի ֆինանսավորմամբ։

Հետազոտության նպատակն էր պարզել ԱԱՊ բուժաշխատողների և առողջապահության ոլորտի ղեկավարների գիտելիքների մակարդակը, գործելակերպերը, կարծիքներն ու դիրքորոշումները կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման և արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգին առնչվող հարցերի շուրջ, նաև բացահայտել դրանց իրականացման խոչընդոտներն ու բարելավման հնարավորությունները։ Միջոցառմանը ներկա էին Առողջապահության նախարարության պատասխանատուներ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար անձնակազմի, տարբեր բուժհաստատությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, մանկաբարձ-գինեկոլոգներ։

HS-STAR ծրագրի մայրական/վերարտադրողական հարցերով խորհրդատու Գոհար Փանաջյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները։ Նշվեց, որ ուսումնասիրությունը վեր է հանել ոլորտում առկա լրջագույն խնդիրներ, ինչպիսիք են վերարտադրողական քաղցկեղի սքինինգի/վաղ հայտնաբերման նպատակով բնակչության ցածր դիմելիությունն ու թերի իրազեկվածությունը, բուժաշխատողների գիտելիքներում և ներկա գործելակերպերում առկա որոշակի բացերը, թերֆինանսավորումը, բուժաշխատողների ցածր վարձատրությունը, մասնագիտական կադրերի սակավությունն ու թերի նյութատեխնիկական բազան։ Ներկայացումից հետո հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին ոլորտում առկա խնդիրների, հետագա քայլերի վերաբերյալ։ Մասնակիցները ներկայացրեցին հետազոտության արդյունքներին և մեթոդաբանությանն առնչվող իրենց դիտողություններն ու նկատառումները՝ նշելով, որ հետագա նույնատիպ հետազոտությունների ընթացքում Առողջապահության նախարարության պատկան կառույցների հետ առավել սերտ համագործակցությունը նախընտրելի է։ Հետազոտությունն իրականացրած կողմերը երախտագիտությամբ ընդունեցին բարձրաձայնված դիտողությունները՝ ուսումնասիրության վերջնական տարբերակի մշակման ընթացքում դրանք ներառելու նպատակով։

hs-star.net