12-06-2015

Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի (ԺԵՀ) և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի (APR Group) միջև համագործակցությունը, որի արդյունքում ծնվեց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ամբողջական հետազոտությունը, թևակոխել է նոր փուլ. ԺԵՀ-ը համաձայնել է ֆինանսավորել վերոնշյալ հետազոտության արդյունքները լրացնող ուսումնասիրությունը:
Այն պայմանավորված է ինչպես APR Group-ի՝ քաղաքական գործընթացներում հանրային մասնակցությունն ավելացնելու պատրաստակամությամբ, այնպես էլ հանրաքվեի անցկացման անակնկալ արագությամբ:
Ուսումնասիրությունը կդիտարկի նաև հանրային վերաբերմունքում հնարավոր նշանակալից փոփոխությունները՝ գործելով որպես հանրային քննարկումներում տարաբնույթ տեսակետների ազդեցությունը չափող գործիք:
Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական գործողությունից՝ տնային տնտեսությունների հարցման իրականացումից, որը կթիրախավորի հանրային վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների և հարակից խնդիրների հանդեպ և ուսումնասիրության արդյունքների ակտիվ տարածումից ու քննարկումից:
Մենք հուսով ենք, որ ուսումնասիրությունն իր ներդրումը կունենա հայ հասարակության համար կենսական կարևորության ունեցող հարցի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման գործում: