23-03-2014

Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ տարբեր խնդիրների առնչությամբ ստեղծվում են մի շարք հասարակական շարժումներ: Գնալով այդ շարժումները դառնում են ավելի մարդաշատ` իրենց մեջ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի:
Եվ այդ գործընթացի զարգացման տրամաբանական շարունակությունը հանդիսանում է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը: Վերջինս ձևավորվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներին, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչին հավանություն չտալու արդյունքում: Վստահաբար կարելի է ասել, որ այն հանդիսանում է ամենամարդաշատ հասարակական նախաձեռնություններից մեկը, որն իր մեջ ներգրավված մարդկանց համախմբում է աշխատողների սոցիալ-իրավական պայմանների բարելավման գաղափարի շուրջ:
Ներկայումս տարբեր քաղաքական ուժեր փորձում են այդ շարժման անդամներին ներգրավել իրենց համակիրների շարքերը: Բնականաբար այդ քայլերը շատ զգուշավոր են: Դրա պատճառներից մեկը դա ընտրողների նման կոնտինգենտ (այսինքն պահանջատեր քաղաքացիներից բաղկացած ընտրողների զանգված) ունենալու դեպքում որևէ քաղաքական կուսակցություն այլևս ունենում է քաղաքական մանևրելու անհամեմատ փոքր սահմաններ` հատկապես նախընտրական ծրագիրը չկատարելու պարագայում:
Դա քաղաքական կուսակցությունների տեսակետից: Ինչ վերաբերում է շարժման մասնակիցներին, ապա կարող ենք ասել, որ նրանց շրջանում դեռևս պահպանվում է թարմ հուշեր քաղաքական կուսակցությունների ոչ միանշանակ (ոչ իրենց օգտին խոսող) նախընտրական և հետընտրական պահվածքի վերաբերյալ, որը, ըստ տարբեր տեսակետների՝ վարկաբեկել է քաղաքական կուսակցությունների ու միավորումների գաղափարը Հայաստանում:
Այնուամենայնիվ հարկ է նշել, որ հասարակական նախաձեռնության և քաղաքական կուսակցությունների միջև համագործակցության հաջողված փորձ է հանդիսանում այն, որ վերջիններիս միջնորդությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության խնդիրը ներկայացվեց Սահմանադրական դատարան: Ներկայումս ամբողջ հասարակությունը սպասում է Սահմանադրական դատարանի մարտի 28-ի որոշմանը: Դա վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն այդ օրենքի կիրառման հեռանկարների տեսանկյունից, այլ նաև «Դ!եմ եմ» նախաձեռնության համար: Այդ օրը շարժման մասնակիցները պետք է որոշեն, թե ինչ են անելու Սահմանադրական դատարանի այդ որոշումից հետո: Հիմքեր կան ենթադրելու, որ Սահմանադրական դատարանը, այնուամենայնիվ, միանշանակ որոշում չի կայացնի ի օգուտ նախաձեռնության մասնակիցների: Հասարակական շարժման մասնակիցները պետք է որոշեն, թե ինչպես շարունակել իրենց գործունեությունը: Ունենալով քաղաքական ենթատեքստ և բաղադրիչ` միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այն քաղաքականացնելը և որևէ քաղաքական կուսակցությանը կամ դաշինքի միացնելը կարող է շարժաման մասնակիցների մեծ մասի մոտ հիասթափություն առաջ բերել, որով իսկ կբաղդատվեն շարժման մասնակիցների շարքերը, կթուլանա շարժաման ուժը և ազդեցիկությունը: Կա մեկ այլ տարբերակ ևս (որն, ըստ իս, դժվար թե նախընտրելի լինի մեծամասնության համար). մարտի 28-ից հետո գնալ տուն և ոչինչ չանել: Սա արդեն կնշանակի, որ այդ շարժման մասնակիցներն անիմաստ ուժ ու ռեսուրսներ են վատնել, և իրենք ընդունում են իրենց պարտությունը:
Գոյություն ունի զարգացման մեկ այլ տարբերակ. ներկայումս «Դ!եմ եմ» նախաձեռնության մասնակիցների շրջանակում քննարկման առարկա է դարձել նոր` այլընտրանքային Արհմիություն ձևավորելու գաղափարը: Դեռևս գաղափար հանդիսացող նոր կառույցը այլընտրանքային կդառնա գոյություն ունեցող արհմիությունների կողքին, քանի որ վերջիններս իրենց ձեռնարկած քայլերով ցույց են տալիս, որ իրենք դարձել են ԽՍՀՄ-յան մնացուկ և ունակ չեն կամ չեն ցանկանում պաշտպանել ոչ միայն աշխատողների իրավունքները, այլ նաև աշխատողների սոցիայալ-իրավական և տնտեսական շահերը: Այլընտրանքային Արհիության համար նախադրյալները և անհրաժեշտ պայմաններն առկա են «Դ!եմ եմ» նախաձեռնությունում, դրանք են՝ սոլիդարության գաղափարը, որոշումների կայացման դեմոկրատական մեխանիզմը և, ամենակարևորը, իրավունքի կոլեկտիվ պաշպանության փորձը և խնդրի առկայությունը, որի լուծման համար ուղղակիորեն կոչված են հենց արհմիությունները: Հաշվի առնելով նշվածը, ըստ էության, «Դ!եմ եմ» նախաձեռնությունը արդեն իսկ փաստացիորեն (de facto) կարելի է համարել Արհմիություն:

Այսպիսով առաջ է եկել իրապես գործող այլընտանքային արհմիություններ ստեղծելու պահանջը, որոնք իրականում կզբաղվեն աշխատողների սոցիալ-տնտեսական և իրավական շահերի պաշտմանությամբ: Այընտրանքային արհմիությունները չեն սահմանափակվի կոնկրետ այս օրենքով, այլ կսկսեն պայքարել նաև այլ օրենքների և որոշումների դեմ, որոնք վատթարացնում են աշխատողների սոցիալ-աշխատանքային պայմանները կամ ոչ բարենպաստ պայամներ են ստեղծում դրանց համար: Նրանք կսկսեն պայքարել գործատուի մոտ իրենց անդամների (աշխատողների) համար առավել շահավետ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար: Նշենք, որ զարգացման այս հեռանկարն այդքան էլ շահավետ չէ գործատուների համար (քանի դեռ վերջիններս չեն գիտակցում, որ իրենց հաջողությունը կախված է իրենց աշխատողների` աշխատանքային պայմաններից բավարարվածությունից), այդ իսկ պատճառով նրանք իրենց հերթին կփորձեն խոչընդոտներ ստեղծել այդ այլընտրանքային արհմիությունների ձևավորման գործընթացներում: Խոչընդոտները բազմաթիվ են ու բազմազան` սկսած կոնկրետ աշխատողին աշխատանքից հեռացնելուց մինչև Հայաստանում տվյալ հիմնարկի (բիզնես կառույցի) գործունեության դադարեցումը կամ ստեղծված արհմիությունը վերահսկելի դարձնելը: Նշենք, սակայն, որ այն սոլիդարության գաղափարը որն արդեն իսկ համախմբել է այդքան անհատների, դժվար է այլևս վերահսկելի դարձնելը: «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները հստակ գիտակցում են, որ դեռևս կան լուծում չստացած խնդիրներ, նրանք իրենց պատասխանատու են համարում այդ խնդիրների լուծման գործընթացում ակտիվ մասնակցություն ունենալու: Եվ խնդիրների լուծմանը մասնակցություն ունենալու համար անհրաժեշտ կառույցը կհասնի հաջողության, հատկապես, եթե լինի ոչ թե մեկ, այլ մի քանի այլընտրանքային արհմիություններ:
Արհմիությունների գործելու զինանոցում իրենց նպատակներին հասնելու համար կան տարբեր մեխանիզմներ՝ օրենսդրական նախաձեռնություններում սեփական տեսակետը ներկայացնելը, բանակցելը, սոցիալական գործընկերության ֆորմատը, միջազգային Արհմիությունների սոլիդարությունը և աջակցությունը, միջազգային կազմակերպությունների աջակցությունը, և գործադուլը: Այս ամենը կարող է որոշ դեպքերում ստիպել նաև գործատուներին` աշխատողների նախաձեռնություններին և պայքարին համախող դառնալ:
Այսպիսով «Դ!եմ եմ» շարժման մասնակիցներին մնում է միայն մեկ բան` իրավաբանորեն (de jure) ամրագրել այդ կառույցը: Այլընտրանքային արհմիությունների հետագա զարգացման փուլում կարող են հիմքեր ստեղծվել ձախ քաղաքական ուժերի ստեղծման համար, ինչն իր հերթին կարող է փոփոխություններ առաջ բերել ներկայումս Հայաստանյան քաղաքական մթոնլորտում: Սակայն դեռևս չի եկել այդ օրը: Ներկայումս շարունակվում են քննարկումներն ու մտորումներն այն մասին, թե ինչպիսի զարգացում կունենա «Դ!եմ եմ» նախաձեռնությունը: Սակայն այլընտրանքները քիչ են, իսկ ժամանակը շատ կարճ է:
Ռուբեն Սարգսյան
APR Group հ/կ նախագահ
http://168.am/2014/03/23/344444.html