Նորություններ

APR Group-ը զարգացնում է երիտասարդների կարողությունները Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով

07-12-2017

youth-labor-rights

2017 թ. դեկտեմբերին APR Group-ը («Հանրային հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ) Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ մեկնարկել է ծրագիր՝ ուղղված Հայաստանում աշխատանքային իրավունքի պաշտպանվածության մակարդակի բարելավմանը՝ երիտասարդների ակտիվ ներգրավմամբ և մասնակցությամբ։

Ծրագրի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի (բացառությամբ Երևան քաղաքի) երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ աշխատանքային իրավունքի պաշտպանության, շահերի պաշտպանության (advocacy), ինչպես նաև սոցիոլոգիական և մշտադիտարկման ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ։ Կարողությունների զարգացմանը կհաջորդի համատեղ ուսումնասիրություն պարզելու աշխատանքային իրավունքի պաշտպանվածության ներկայիս իրավիճակը, ինչպես նաև աշխատանքային իրավունքի խախտման հիմնական դրսևորումները։

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա երիտասարդական կենտրոնների համար կմշակվի աշխատանքային իրավունքի պաշտպանության և շահերի պաշտպանության ռազմավարություն: Ծրագրի ավարտական փուլում APR Group-ը կտրամադրի խորհրդատվություն տվյալ ռազմավարության իրականացումը խթանելու, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների կողմից աշխատանքային իրավունքների պաշտպանության շարունակականությունն ապահովելու նպատակով։