Նորություններ

Հայտարարություն ջատագովության և հանրային իրազեկման ծառայությունների համար

25-11-2018

3

Հակիրճ նկարագիր

2018թ. սեպտեմբերին «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն (APR Group) Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ սկսել է իրականացնել «Աջակցություն աշխատանքային իրավունքների պաշտպանության կոլեկտիվ մեխանիզմներին» ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի խթանելու Հայաստանում այլընտրանքային արհմիութենական շարժումը, որպես աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմ:

Ծրագրի շրջանակում APR Group-ը նախաձեռնել է ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրություն՝ վերհանելու առկա օրենսդրական և իրավական բացերն ու հնարավորությունները, ինչպես նաև գտնելու լուծումներ արդյունավետ արհմիութենական համակարգի ձևավորման համար:

Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ուսումնասիրության արդյունքների հիման վրա հանրային իրազեկման և ջատագովության (advocacy) նպատակով քարոզարշավի նյութերի պատրաստման և հանրային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար:

Ծառայության նկարագիրը

  • Աջակցել ծրագրի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքների հանրային իրազեկման և ջատագովության մոտեցումների, մեթոդների և գործողությունների մշակման/թարմացման գործընթացին,
  • Մշակել ծրագրի վերաբերյալ տեղեկատվական նյութերի բովանդակությունը (օրինակ՝ ուսումնասիրության հակիրճ նկարագիր, ստիկերներ, ինֆոգրաֆիկաներ և այլն) և դիզայնը,
  • Ուսումնասիրության արդյունքների և առաջարկությունների հիման վրա մշակել ջատագովության և հանրային իրազեկման հիմնական ուղերձները,
  • Աջակցել ծրագրով նախատեսված հանրային միջոցառումների կազմակերպման հարցում (օրինակ՝ դահլիճի ընտրություն, օրակարգի, մամուլի հաղորդագրությունների մշակում, միջոցառման աուդիո-վիզուալ նյութերի պատրաստում և այլն),
  • Ծրագրի ջատագովության և հանրային իրազեկման բաղադրիչի շրջանակներում կապ պահպանել հաղորդակցություն զանգվածային լրատվության միջոցների հետ՝ ծրագրի արդյունքների և միջոցառումների տեսանելիության և հրապարակայնության ապահովման նպատակով,
  • Առաջարկել և կիրառել ծրագրի արդյունքներն ու ուղերձները սոցիալական հարթակների, մասնավորապես կազմակերպության ֆեյսբուքյան էջի միջոցով տարածելու գործիքներ և մեխանիզմներ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն լրագրության, հանրային կապերի հաղորդակցության կամ համանման այլ ոլորտներում,
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձառություն հաղորդակցության հանրային կապերի և լրագրության ոլորտում, նախընտրելի է՝ ՀԿ հատվածում,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական և համագործակցման գերազանց հմտություններ,
  • Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի է,
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն,
  • Համակարգչային գիտելիքներ:

Ծառայության տևողությունը

2019 թ. հունվար – փետրվար (2 ամիս)

Ինչպես դիմել

Վերոնշյալ որակավորումներին համապատասխանող և հետաքրքրված անհատները, ինչպես նաև կազմակերպությունները կարող են ուղարկել իրենց հայտերը մինչև ս.թ. դեկտեմբերի 17-ը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ-փոստին:

Հայտերը պետք է բաղկացած լինեն՝

  • Ինքնակենսագրականից (կազմակերպության դեպքում կազմակերպության փորձը և աշխատակազմի ինքնակենսագրականները),
  • Հետաքրքրության նամակից: