Նորություններ

Ի՞նչ է թաքնված վարկանիշերի հետեւում

21-05-2009

piechart-resized

Մայիսի 9-12-ը ընկած ժամանակահատվածում «APR Group» հետազոտական կենտրոնը Երեւանի 663 բնակիչների շրջանում իրականացրել է հեռախոսային սոցիոլոգիական հարցում` մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հետազոտությունը անց է կացվել Երեւանի 18 եւ բարձր տարիքային խմբի բնակչության շրջանում: Ըստ մեթոդաբանության, հարցումն ապահովում է հետազոտության տվյալների 4% ճշգրտություն:

Հետազոտության արդյունքում ստացված անվանական տվյալները բացահայտել են մեր հասարակության շրջանում արմատացած մի շարք երեւույթներ: Հետեւաբար, որպեսզի ստորեւ ներկայացվող թվերը չընկալվեն որպես նախընտրական, հետեւաբար` ծիծաղելի «արդյունքներ» պարունակող տվյալներ, դրանք հավելյալ մեկնաբանության կարիք ունեն: Այդ պատճառով սկզբում ներկայացնենք հետազոտության մեխանիկական թվային պատկերը, այնուհետեւ՝ դրանց փորձագիտական գնահատականը:
«Եթե առաջիկա կիրակի օրն անցկացվեին ավագանու ընտրությունները, մասնակցող կուսակցություններից որի՞ օգտին կքվեարկեիք» հարցին տրված պատասխանները բաշխվել են հետեւյալ հաջորդականությամբ` ՀՀԿ 21.7%, ԲՀԿ` 14.1%, ՀԱԿ` 4.8%, ՀՅԴ` 2%:
ԲՀԿ - 14.1%
ԺԿ - 0.6%
ՀՀԿ - 21.7%
ՀՅԴ - 2.0%
ՀԱԿ - 4.8%
ՕԵԿ - 0.8%
Բոլորին դեմ - 2.0%
Դժվարանում եմ պատասխանել - 54.0%
Հատկանշական է, որ, հարցման արդյունքներով չկողմնորոշված ընտրազանգվածի թիվը կազմում է 54%:
Ի դեպ, հարցվողին չուղղորդելու նպատակով կուսակցությունների ցանկն ընթերցվել է տարբեր հերթականությամբ` կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների անունների եւ ազգանունների հետ միասին: Հարցվողներն ընդհանրապես չեն նշել պատասխանի «գաղտնիք է» տարբերակը: Իսկ «չեմ կողմնորոշվել» կամ «դժվարանում եմ պատասխանել» տարբերակին նշած հարցվողների մեծ մասի բացատրությունը գրեթե նույնն է. «Դեռ չենք ծանոթացել նախընտրական ծրագրերին», «Իմ նախընտրած կուսակցությունը փոխել է իր քաղաքական դիրքը, եւ ես դեռ հետեւում եմ նրա քայլերին եւ ծանոթանում ծրագրին», «Դե զզվացրին էս ընտրություններով, ինչքան կարելի է», «Էնքան ասին` սրան ընտրի, նրան ընտրի, որ մարդ արդեն զզվում ա բոլորից» եւ այլն:

Հետազոտության արդյունքներում ամենաուշագրավ թիվը չկողմնորոշված ընտրողների չափազանց բարձր տոկոսն է, որով էլ հնարավոր է բացատրել կոնկրետ քաղաքական ուժերի` առաջին հայացքից կասկածելի վարկանիշները: Բանն այն է, որ եթե կուսակցությունների վարկանիշավորումը դիտարկում ենք չկողմնորոշված ընտրազանգվածի ցուցանիշի համատեքստում, ուժերի դասավորությունը փոխվում է:
Վերջին շրջանում իրականացվող հետազոտություններում չկողմնորոշված ընտրազանգվածի բարձր ցուցանիշի վերաբերյալ փորձագիտական գնահատականները հանգում են հետեւյալին. առավելապես ընդդիմադիր ընտրազանգվածի ներկայացուցիչները զգուշանում կամ վախենում են արտահայտել իրենց իրական դիրքորոշումը եւ նման դեպքերում չկողմնորոշված ընտրազանգվածը գրեթե ամբողջությամբ համալրում է ընդդիմության հավանական ընտրազանգվածը: Ինչպես վերը նշվեց, տվյալ սոցհարցման արդյունքներով չկողմնորոշված ընտրազանգվածը կազմում է 54 տոկոս: Սակայն երկու հարցերի համադրման արդյունքում ստացվել է, որ չկողմնորոշված 54 տոկոսից 15.3-ն ընդդիմության, այսինքն` ՀԱԿ-ի` իշխանության գալու դեպքում դրական փոփոխություններ չի ակնկալում: Այսինքն` ստացվում է չկողմնորոշված 38.7 տոկոս ընտրազանգված, որը մեծ հավանականությամբ կարող է համալրել ընդդիմության ընտրազանգվածը: Հասկանալի է, որ տվյալ դեպքում թվային չափում հնարավոր չէ իրականացնել: Սակայն 38.7-ից թվային արտահայտությամբ հարցման արդյունքներով 6.6 տոկոսը նշել է, որ դրական փոփոխություններ է ակնկալում ՀԱԿ-ի իշխանության դեպքում: Այսինքն` զուտ թվային արտահայտությամբ` ՀԱԿ-ի օգտին քվեարկելու մասին նշել է ընտրողների 4.8 տոկոսը, եւս 6.6 տոկոս ՀԱԿ-ի օգտին է արտահայտվել չկողմնորոշված զանգվածից, եւ կա 27.3 տոկոս չկողմնորոշված ընտրազանգված, որը սոցիոլոգիական տեսանկյունից տվյալ հարցման շրջանակում գնահատել հնարավոր չէ: Իհարկե, ինչպես վերը նշվեց, բազմաթիվ են կարծիքներն ու գնահատականները, որ վերջին շրջանի հարցումների ժամանակ «դժվարանում եմ պատասխանել» կամ «չեմ կողմնորոշվել» պատասխաններ տալիս են, որպես կանոն, ընդդիմության օգտին քվեարկել պատրաստվող, սակայն այդ մասին բարձրաձայնելուց վախեցող կամ զգուշացող քաղաքացիները: Սակայն դա թվային արտահայտությամբ գնահատել հնարավոր չէ:

Հատկանշական է, որ հարցվողների չկողմնորոշվածության ցուցանիշը առնվազն վերջին երկու ամիսներին զգալիորեն աճել է: Այդ մասին են վկայում նույն «APR GROUP»-ի կողմից 2009թ. փետրվարի 12-16-ն իրականացված հեռախոսային հետազոտության արդյունքները: Այդ ուսումնասիրության հարցերի մի մասը վերաբերել է 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին եւ «7-ի գործի» դատավարությանը: «Դժվարանում եմ պատասխանել» պատասխանի ամենաբարձր ցուցանիշը այդ հարցման դեպքում կազմել է 40,1%: Իհարկե, բացառված չէ, որ այս ցուցանիշի վրա ազդում է նաեւ թեմայի յուրահատկությունը:

Վերադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքներում չկողմնորոշվածների բարձր ցուցանիշին, նշենք, որ դա կարող է պայմանավորված լինել նաեւ նախընտրական եւ դրան նախորդող շրջանում հասարակությանը ներկայացվող տեղեկատվությամբ եւ հակասականությամբ: Դա մարդկանց մի մասի մոտ կարող է առաջացնել կողմնորոշման հետ կապված բարդություն, որոշ մասի մոտ էլ` «փակվելու ձգտում», այսինքն` երբ մարդը չի ցանկանում խոսել այդ թեմայի շուրջ:
Ինչ վերաբերում է մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների հավանական մասնակցությանը, ապա հարցման ենթարկվածների 62.3%-ն է պատրաստվում մասնակցել դրանց:

Հարցման արդյունքում բացահայտվել է մի հետաքրքիր միտում եւս: Հարցին` մայիսի 31-ին կայանալու են Երեւանի քաղաքապետի, թե՞ ավագանու ընտրություններ, հարցվածների 40.1%-ը պատասխանել է` քաղաքապետի, իսկ 12.8%-ը դժվարացել է պատասխանել:

Հարցումը հեռախոսային է, ընտրանքը` շերտավորված, պատահական, չկրկնվող եւ համակարգված: Հարցվողին տրվել են փակ հարցեր: Հարցումն իրականացվել է Ազատ հասարակություն ԵԻ ՀԿ-ի` «APR Group» ստորաբաժանման կողմից:
Հարցումն իրականացվել է սեփական նախաձեռնությամբ, սեփական միջոցներով: Տվյալները հրապարակվում են անհատույց:

Թերթ`168 Ժամ