17/10/2014
Մի պահ մարած կրքերը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նոր միս ու արյուն են ստացել:
Հակամարտությունն ընթանում է մի քանի մակարդակով՝ բովանդակային (այս կամ այն փոփոխության արդիականությունը), քաղաքական (պետական կարգի փոփոխությունը՝ որպես իշխանության վերարտադրության մեխանիզմ), սակայն հանրային ուշադրությունից կարծես թե սպրդում են հարցի որոշ հիմնարար ասպեկտներ, որոնցից կարևորագույնն է պետության մայր օրենքի փոփոխության հասարակական պահանջարկի խնդիրը:
Սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջարկվածության ուսումնասիրությունը դարձավ Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) հասարակական կազմակերպության իրականացրած` այս թեմայով առայժմ միակ հրապարակված հետազոտության (ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հետազոտության արդյունքներ, Երևան, 2014) հիմնական մեխերից մեկը: Եվ իրոք, որակական հետազոտության փուլում հարցված փորձագետների գերակշիռ մեծամասնությունն այս կամ այն չափով իրենց վերապահումները բարձրաձայնեցին այս խնդրի առնչությամբ: Նախ, հարցականի տակ դրվեց երկրի մայր օրենքի հաճախակի փոփոխության նպատակահարմարությունը: Ինչպես նշում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներից մեկը. «Եթե հաճախակի փոխում ենք սահմանադրությունը, նշանակում է` մենք չենք կարողանում ապահովել նպատակները: Որովհետև հիմնական օրենքը, վերջին հաշվով, հիմք է մնացած բոլոր օրենքների և ենթաօրենսդրական ակտերի համար, որոնք ընդունելու համար որոշակի ողջամիտ ժամկետ է պետք, և, եթե մենք չենք տրամադրում այդ ժամկետը գործադիր մարմիններին, ապա ստացվում է, որ մենք ինչ-որ տեղ ձախողում ենք այդ մարմինների աշխատանքը»:
Արձանագրված վերապահումների հաջորդ խումբն առնչվում է բուն փոփոխությունների արդիականությանը և պահանջարկվածությանը: Սահմանադրագետներից մեկը նշում է, որ Սահմանադրությունը պետք է փոխվի միայն այն դեպքում, երբ «…ոչ թե չի նպաստում երկրի զարգացմանը, ոչ թե չի նպաստում հասարակության զարգացմանը կամ մարդու ինքնաարտահայտմանը կամ պաշտպանվածությանը, այլ խոչընդոտում է…, լրջորեն խոչընդոտում է երկրի զարգացմանը»: Այս մտահոգությունն իր հետագա զարգացումն է գտնում մեկ այլ սահմանադրագետի կարծիքով, ով խնդիրը դիտարկում է շահերի բախման տեսանկյունից. «Եթե փոփոխության անհրաժեշտություն կա, այդ անհրաժեշտությունը պիտի պայմանավորված լինի նաև ժողովրդի կամ հասարակության կամ անհատի դժգոհությամբ: Պետությունն այս կոնկրետ դեպքում առանձնանում է իրանից (հեղ. ժողովրդից), երբ սկսում է իր կորպորատիվ շահը հետապնդել: Ու էդ դեպքում հաստատ պետությունը չի նախաձեռնելու մի սահմանադրական փոփոխություն, որն ավելի շատ ընդարձակի իր պարտավորությունները, այլ խոսքով՝ որը կընդարձակի դիմացինի՝ ժողովրդի իրավունքները, այլ էդ ամենը տրամաբանորեն հանգեցնելու է մի վիճակի, որ հեշտացվելու է պետության կողմից իր կորպորատիվ շահի հետապնդումը, նոր հնարավորություններ են ստեղծվելու դրա համար, որը միշտ կատարվում է ժողովրդի կամ անհատի իրավունքների ու հնարավորությունների հաշվին»:
Այս համատեքստում առկա խնդիրների ամբողջացումը հանգում է մեկ հիմնական հարցադրման` Ինչպիսի՞ն է սահմանադրական փոփոխությունների օգտակար գործողության գործակիցը տվյալ երկրում, եթե հասարակության զգալի հատվածը համոզված չէ, որ գոյություն ունեն սահմանադրական դրույթների հավասարաչափ և արդարացի կիրարկումն ապահովող պետական և հասարակական վերահսկողության մեխանիզմներ: Այլ կերպ` Հայաստանում խորապես տարածված է այն մոտեցումը, որ նույնիսկ ամենից իդեալական սահմանադրական նորմերի կիրարկումը տեղի կունենա անհամաչափ և խտրական կերպով` «Իրավունքները` մեզ, պարտականությունները` ձեզ» սկզբունքի շրջանակներում: Այդ մտահոգությունը ընդգծվում է նաև հետազոտության երկրորդ` քանակական հատվածում. Հայաստանի 1300 հարցված բնակիչների շուրջ 81%-ը չի վստահում սահմանադրական բարեփոխումների գործընթացին, իսկ մոտ 60%-ը չի տեսնում գործող Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն:
Փորձագետների գերակշիռ մասի մտահոգությունները հատկապես խորանում են, երբ նրանք դիտարկում են սահմանադրական փոփոխություններն որպես ընտրական գործընթաց: Ըստ հարցվողներից շատերի` այն դեպքում, երբ չկա վստահություն ընտրությունների, հանրաքվեի և նմանատիպ այլ գործընթացների նկատմամբ, կասկածի տակ է տրվում սահմանադրության փոփոխության անհրաժեշտության հարցը: Նույնիսկ այն փորձագետները, որոնք կողմ են արտահայտվում փոփոխություններին, նշում են, որ բացակայում է ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը, որի պարագայում իմաստազրկվում է հանրաքվեով փոփոխությունը: Ինչպես նշում է ԱԺ պատգամավորներից մեկը. «…էսօրվա սահմանադրության շրջանակներում հազարավոր խնդիրներ կարելի է լուծել, որոնք չեն արվում: …երբ էդ վստահությունը կլինի, նոր էդ ժամանակ կարելի է խոսել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ»:
Ընտրական համակարգի նկատմամբ փորձագիտական թերահավատությունն արտացոլվում է նաև Հայաստանի բնակչության արձագանքում: Այն հարցին, թե Հայաստանում ընտրությունների արդյունքները համապատասխանո՞ւմ են իրականությանը թե՞ ոչ, հարցվածների մոտ 57%-ը տվել է ժխտական պատասխան:
Այսպիսով, Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) հ/կ-ի իրականացրած հետազոտությունը, ի թիվս այլ հարցերի, վեր հանեց երկու էական հիմնախնդիր.
- նախաձեռնված սահմանադրական բարեփոխումները պահանջարկված չեն փորձագետների և ՀՀ բնակչության մեծամասնության շրջանում:
- Ընտրական համակարգի հանդեպ վստահության բացակայությունը խնդրահարույց է դարձնում բարեփոխված Սահմանադրության լեգիտիմությունը:
Արթուր Ավթանդիլյան,
«Հայաստանի քաղաքական գործընթացներում քաղաքացիական
հասարակության դերակատարության բարձրացում»
ծրագրի ղեկավարի օգնական
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպություն
Հրապարակվել է www.lragir.am կայքում: